ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
06.03.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ԽՐԱՏՆԵՐԸ ՎՇՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ ՈՒ ՍԳԱՎՈՐՆԵՐԻՆ` ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մահվան ու դրա հետ կապված վշտացած, սգավոր մարդկանց մխիթարության հարցը և ննջեցյալների հանդեպ ունեցած քրիստոնեավայել դիրքը, ուզենք, թե չուզենք, մեր կյանքի ամենաէական կողմերից մեկն են դառնում։ Այդ պատճառով, երբ սուրբ հայրերից մեկին հարցնում են, թե ով է իմաստուն, նա պատասխանում է, «Իմաստուն է այն մարդը, ով պատրաստվում է մահվան»։
Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ մեռնի, կապրի՛. և ով կենդանի է ու հավատում է Ինձ, հավիտյան չի՛ մեռնի» (Հովհ., 11.25-26)։
Սքանչելի մի օրինակ կա «Ճանապարհ երկնի» գրքույկի մեջ։ Մի երկրում սովորություն կար, որ ամեն տարի իրենց թագավոր էին ընտրում, ու երբ տարին լրանում էր, այդ թագավորին մերկացնում էին և ուղարկում մի անմարդաբնակ կղզի, որտեղ նա տառապելով մեռնում էր։ Բայց ահա գտնվեց մի իմաստուն թագավոր, որը գահակալության ընթացքում իր ողջ ունեցվածքը փոխադրեց այդ կղզին։ Եվ երբ լրացավ մեկ տարին, ու նրան մերկացրին, որ ուղարկեն անմարդաբնակ կղզին, տեսան, որ նա չափազանց ուրախ էր և չէր սգում իր մահը։ Նրան հարցին, թե ո՞րն է դրա պատճառը, նա պատասխանեց, ասելով. «Ես գիտեի, որ իմ փառքը ժամանակավոր է այս երկրում և իմ բոլոր ունեցվածքը ընտանիքիս հետ միասին արդեն փոխադրել եմ այնտեղ, ու մի փառավոր պալատ եմ պատրաստել և այժմ ուրախ եմ այնտեղ մեկնելուս համար»։
Այո՛, յուրաքանչյուր մարդ իր ունեցվածքի տերն է և կարող է այդ իմաստուն թագավորի նման ողորմության ճանապարհով բոլորը երկինք ուղարկել և չվախենալ մահվանից, այն դիտելով ոչ թե ամեն բանի ավարտ, այլ համարելով հավիտենական կյանքի սկիզբ և դուռ դեպի երկնային արքայություն։
ՆՆՋԵՑՅԱԼՆԵ՞Ր, ԹԵ՞ ՄԱՀԱՑԱԾՆԵՐ
Գրված է Սուրբ Գրքում, որ ամեն բան կարգով ու վայելչությամբ պետք է կատարել։ Բայց հոգևոր տգիտության պատճառով մենք չենք կարողանում նույնիսկ ինչպես հարկն է մեր հարազատ ննջեցյալներին թաղել։ Ո՜Ւմ ասես լսում ենք, ի՜նչ սնոտի բան ասես, անում ենք, և արդյունքում էլի մնում ենք անմխիթար ու տխուր։
Այս հոդվածաշարով, իհարկե, անհնար է շատ բան ասել անդենական գաղտնիքների մասին, բայց ինչ որ հնարավոր է, գրենք, որպեսզի գոնե ավելորդություններից խուսափենք, որ բեռնել ենք մեր վրա սնոտիապաշտության և աթեիստական դաստիարակության պատճառով։
Նա՛խ, իմանանք ամենաառաջինն ու ամենակարևորը, որ, ըստ Աստվածաշնչի, մարդկանց հոգիներն անմահ են ու ապրում են մարմինների մեջ, և երբ լրանում են մարդու կյանքի երկրային օրերը, հոգին դուրս է գալիս իր ժամանակավոր կացարանից՝ մարմնից, ու տարվում է երկինք՝ Աստծո առջև, պատասխան տալու իր բոլոր արարքների համար։
Եթե ընթերցողն այս բոլորին չի հավատում, չի հավատում Աստծո խոսքին, ապա այս գրվածները նրա համար չեն, քանզի խոսքը ննջեցյալների թաղման քրիստոնեական արարողակարգի մասին է։
Մեր Հայ առաքելական եկեղեցին քրիստոնյա մահացածներին անվանում է ննջեցյալներ, այսինքն` հարության խորհուրդը կա թաքնված այդ բառի մեջ, քանզի, ըստ Սուրբ Գրքի, մարդիկ մի օր պետք է արթնանան մահվան քնից և կանգնեն իրենց Արարչի առջև` հաշիվ տալու երկրում ապրած իրենց կյանքի համար, և ամեն մեկը ստանալու է իր վարձքը ըստ կատարած գործերի՝ թե՛ բարի, թե՛ չար։
Ահա այդ խոսքը հաստատող Աստվածաշնչյան օրինակները.
Հին ուխտից. «Երկրում, հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն. ոմանք` հավիտենական կյանքի համար, և ոմանք` հավիտենական նախատինքի ու ամոթի համար» (Դանիել, 12.2)։
Նոր ուխտից. Հիսուսին մի մարդ աղաչում էր, որ իր տասներկու տարեկան միամորիկ հիվանդ դստերը բժշկի, այդ ժամանակ տանից մեկը եկավ ու նրան լուր բերեց, որ աղջիկդ մեռավ։ Բայց Հիսուսը հուսադրեց հորը, ասելով. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և նա կապրի»։ Եվ Տերը գնալով նրա տուն, լացող ու ողբացող ժողովրդին տեսնելով, ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ քնած է»։ Իսկ նրանք ծաղրում էին, որովհետև գիտեին, որ մեռած է։ Հիսուսը բոլորին դուրս հանելով, բացի ծնողներից ու երեք առաքյալներից, բռնեց աղջկա ձեռքից և ասաց. «Աղջիկ, վե՛ր կաց»։ Եվ նրա հոգին վերադարձավ և իսկույն ոտքի կանգնեց» (Ղուկ., 8.41-55)։
Երկրորդ համանման դրվագը պատմում է Ղազարոսի հարության մասին, որը չորս օրվա մահացած լինելով, պատանվել և դրվել էր գերեզման։ Հիսուսը, նախապես գիտենալով այդ մասին, ասում է Իր աշակերտներին. «Մեր բարեկամ Ղազարոսը քնեց, սակայն Ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Եվ գնալով գերեզմանը, ասաց, որ քարը մի կողմ տանեն, և աղոթելուց հետո բարձրաձայն աղաղակեց, ասելով. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դու՛րս արի»։ Եվ մեռելը դուրս եկավ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով կապած» (Հովհ., 11.11-44)։
Այո՛, Աստծո տեսանկյունից բոլոր մահացածները ննջեցյալներ են, որոնք սպասում են հարության օրվա ազդարարության հրամանին, և մեր այժմյան ապրած կյանքից է կախված, թե ուր պետք է գնանք հարությունից հետո՝ դժոխքի կրակների մեջ տանջվելո՞ւ, թե՞ երկնային թագավորության օրհնությունները վայելելու։ Քանզի գրված է. «Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո՝ դատաստան» (Եբր., 9.27)։
Այս վերջին խոսքերը թող արթնացնեն որոշ ընթերցողների, որոնք, օտար մոլորեցուցիչ գաղափարներից խաբվելով, կարծում են, թե դեռ էլի բազմաթիվ ծնունդներ պիտի ունենան երկրի վրա, որով կարող են մաքրվել ու փրկվել մահից։ Հիսուսը եկավ ու մեզ ճշմարտությունը բերեց, ով հավատա Նրան, կփրկվի, ով չհավատա, Աստծո բարկությունն է մնալու նրա վրա։
Այդ պատճառով հավիտենական կյանքին ճշմարտապես հավատացող եկեղեցու սուրբ հայրերը մահվան մասին այսպես են խորհել.
> «Մեր մարմնի ոչ մի մասնիկ չի կորչում, որքան էլ դրանք փտեն կամ այրվեն, քանզի դրանք փոխադրվում են այնտեղ, որտեղից երբեմնի վերցվել են Ամենակարողի ձեռքով»։
> «Մահը ոչ այլ ինչ է, քան երկարատև քուն»։
(Հովհաննես Ոսկեբերան)
> «Մահը երեք մասի է բաժանվում. այսինքն՝ բնությամբ, ներգործությամբ և կամքով։ Բնությամբ մեռնում ենք մենք, ներգործությամբ՝ Ադամը, իսկ կամքով՝ Քրիստոսը»։ (Գրիգոր Տաթևացի)
> «Ով ապրում է այն մտքով, որ պետք է ապրի հավետ, մահից երբեք չի վախենա»։
> «Մահվան վախը սարսափեցնում է այն մարդուն, ով խղճի հանդիմանություն ունի, իսկ ով որ իր մեջ ունի Կյանքի ավետիսը, նա մահը նույնքան է ցանկանում, որքան կյանքը»։
> «Մի՛ վախեցիր մահվանից, որովհետև Աստված ամեն բան արել է, որ դու մահվանից վեր լինես»։ (Իսահակ Ասորի)
> «Չկա մի ակնթարթ, որ չկարողանա վերջինը լինել մեր կյանքում։ Միգուցե ոմանք, որ այս տողերը կարդացին, չտեսնեն վաղը, ուրեմն, չիմանալով որտեղ և երբ է մեզ սպասում մահը, սպասենք այն ամեն ժամանակ և ամեն տեղ»։
(Սուրբ Օգոստինոս)
> «Մեր բնությունը հողե սափորի է նման, որը հանկարծ մահով պիտի փշրվի»։
(Եզնիկ Կողբացի)
> «Մտի՛ր մահվան վարժարանը և այնտեղ սովորիր կյանքի դասը։ Վա՜յ նրան, որ այդպես էլ խոնարհություն չսովորի մահվան վարժարանում, մանավանդ դագաղի շեմի վրա»։
(Ղևոնդ Ալիշան)
> «Ով չի ճանաչում մահը, վախենում է նրանից, իսկ ով ճանաչել է մահը, չի վախենա նրանից»։
> «Իմացյալ մահը անմահություն է»։
(Եղիշե)
> «Հոգին ու մարմինը հյուրեր են. մեկը` երկնային, մյուսը՝ երկրային»։
(Եփրեմ Ասորի)
Եվ այս բոլորն իմանալով` նույն սուրբ Եփրեմ Ասորին աղոթում է, ասելով.
«Հիշեցրո՛ւ, Տեր, իմ զբաղված և մոռացկոտ մտքին Քո ահավոր և սոսկալի դատաստանը, արդարների պատիվն ու փառքը և մեղավորների աններելի տանջանքները և նրանցով զարհուրեցնելով, դողացրո՛ւ իմ մարմինը, որ իմ աչքերի առջև հանապազ տեսնեմ մահը»։
ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ
Իհարկե, շատ բան չգիտենք անդրշիրիմյան հոգեվիճակների մասին, բայց ինչքան որ հայտնվել է մեզ Աստվածաշնչի և սուրբ հայրերի հայտնություններից, մի բան է պարզ, որ երկրային կյանքում մարդու ունեցած հավատն առ Աստված, հանձին Հիսուս Քրիստոսի, և մեր կատարած բարի գործերն ու ողորմությունները ամենալավ վկաները պետք է լինեն անաչառ Դատաստանի ժամանակ։ Ինչը հաստատվում է Հակոբոս առաքյալի խոսքերով. «Անողորմ է լինելու դատաստանը նրա հանդեպ, ով ողորմած չի եղել, քանզի ողորմությունը կպարծենա դատաստանի դիմաց» (Հակոբոս, 2.13)։
Իսկ եթե հանգուցյալը մինչ ննջելը տառապել է երկարատև կամ անբուժելի հիվանդությամբ, ապա համարենք, որ Աստված նրան ողորմություն է արել ու ժամանակ է տվել, որ այդ անձը քննի իր անցած կյանքը և զղջումով խոստովանի իր մեղքերը և ապաշխարի հոգու փրկության համար, ինչպես որ սուրբ հայրերն են բնորոշել հիվանդության խորհուրդը.
> «Մարմնի ցավեր կան, որոնք անբուժելի են, բայց հոգունը, եթե ցանկանանք, դյուրությամբ կբուժենք, մանավանդ, եթե մտածենք դժոխքի մասին»։
(Հովհաննես Մաշկեվորցի)
> «Երբեմն Աստված քեզ թույլ է տալիս հիվանդության իշխանությունը ոչ թե նրա համար, որ քեզ լքված զգաս, այլ որպեսզի քեզ ավելի փառավորի. և այսպես՝ համբերող եղի՛ր։ Քանզի ով հիվանդության ժամանակ համբերում և գոհություն է տալիս, նա մարտիրոսության պսակ է առնում»։
(Հովհաննես Ոսկեբերան)
Իսկ ապաշխարություն` նշանակում է կատարած մեղքերի ու հանցանքների զղջումով խոստովանություն, որից հետո գործով ու կյանքով ապրել բարի և քրիստոնավայել ընթացք։
Նաև խորհուրդ ենք տալիս հիվանդի հարազատներին ու մոտիկներին` չտրտնջալ ու չափից ավելի չհուսահատվել հարազատի հիվանդության ընթացքում, ինչքան էլ, ձեր կարծիքով, այն երկար տևի։ Քանի որ ինչպես հմուտ ոսկերիչը գիտի ոսկին կրակում այնքան պահել, մինչև իսպառ մաքրվի, այդպես էլ Աստված գիտի ինչքան ժամանակ հոգին թողնի հիվանդությունների ու փորձությունների մեջ, մինչև որ այն ազատվի մեղքերից ու անօրենություններից։ Եվ հիվանդի հարազատները թող այս էլ իմանան, որ եթե իրենք սիրով ու համբերությամբ են վարվում հիվանդի հետ, ապա իրենք էլ են խնամքի ժամանակ մաքրվում մեղքերից ու Աստծո ողորմությունը վաստակում։ Որպեսզի համոզվեք, ապա կարդացեք ավետարանական հետևյալ հատվածը. «Այնժամ Թագավորը (Տերը) պիտի ասի նրանց. «Եկե՛ք Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը, որովհետև քաղցած էի, և Ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և Ինձ խմելու ջուր տվեցիք, օտար էի, և Ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և Ինձ այցի եկաք…. Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ինձ համար արեցիք» (Մատթեոսի Ավետարան, 25. 35)։ Կարդացի՞ք, որ նույնիսկ հիվանդին այցելելու համար վարձք կա պահված երկնքում, ուրեմն` առավել ևս խնամքի ու հոգատարության համար։
Նաև հոգ տանենք ոչ միայն հիվանդների մարմնավոր առողջության, այլև հոգու և հնարավորության սահմաններում նրան եկեղեցի՝ հոգու հիվանդանոց տանենք, որ նա խոստովանի իր մեղքերը և Ավետարանով ու Խաչով աղոթքի արժանանա քահանայի կողմից։ Ասենք, որ Աստված միայն Իր ծառաներին, այսինքն` ձեռնադրված վարդապետներին ու քահանաներին է իշխանություն տվել մարդկանցից խոստովանություն ընդունելու և մեղքերի թողություն տալու, որը բխում է ավետարանական այն խոսքերից, երբ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի՛ լինի» (Հովհ., 20.23)։
Այդ պատճառով հնում, երբ մարդը ծանր հիվանդությամբ անկողին է ընկել, ապա հարազատները անպայման քահանա են հրավիրել նրա համար, քանզի հավատացել են, որ խոստովանված ու ներում ստացած մարդն ավելի շուտ կապաքինվի, իսկ եթե հիվանդությունը մահվամբ է ավարտվել, ապա մխիթարվել են, որ Աստծո արքայության համար մաքրված ու պատրաստված է ննջել։
Բացի քահանա հրավիրելուց, մահամերձ հիվանդի հարազատները թող նրա համար Աստվածաշնչից սաղմոսներ կարդան կամ Ավետարանից հատվածներ, ու երբեմն էլ սուրբ Պատարագի կամ այլ հոգևոր շարականների ձայնագրություններ միացնեն, որովհետև այդ բոլորը զորացնում է մարդու հոգին, որպեսզի կարողանա հաղթող դուրս գալ այդ պատերազմում, որը կոչվում է
ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ
Լավ կլինի, քանի դեռ ննջեցյալի գիտակցությունը տեղում է, կարողանա Ներսես Շնորհալու հետևալ աղոթքն անել.
«Բարերար Տեր, ինձ բարի հրեշտակի հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»։
Մեր սուրբ հայրապետի այս աղոթքը բոլոր մահկանացուներիս հիշեցնում է, որ մարդու հոգին, մարմնից դուրս գալուց հետո, «չմեռավ ու պրծավ», ինչպես ոմանք են կարծում, այլ նոր է սկսվում հոգու համար վերջին պայքարը, քանզի երկնքի ներքո՝ օդի մեջ, չար դևեր են վխտում, որոնք ուզում են որսալ մարմնից դուրս եկած հոգին և իրենց հետ դժոխք իջեցնել, քանզի նրանք քաջատեղյակ են մեր կատարած մեղքերին ու հանցանքներին, որովհետև դրանց մեծ մասը իրագործվել է հենց իրենց դրդումով ու գայթակղություններով։
Այդ մասին սուրբ Մակար Մեծն այսպես է ասում. «Երբ մեղավոր հոգին մարմնից դուրս է գալիս, կատարվում է մի խորհուրդ. նրան են մոտենում դևերն ու զանազան չար զորություններ և այդ հոգին առևանգում տանում են իրենց մոտ։ Եվ պետք չէ դրա համար զարմանալ, որովհետև եթե այդ մարդը դեռ ապրելով այս կյանքում, կամովին հանձնվելով` դարձել է նրանց ստրուկը, առավել ևս մարմնից դուրս գալուց հետո նրանց կողմից կգերվի և կտանջվի»։
Իսկ եթե տվյալ հոգին աստվածահաճո և պատվիրանապահ կյանք է վարել, ապա Տիրոջ հրամանով նրան ուղեկցում է Աստծո հրեշտակը, որը պահպանում է մարմնից մերկացած ու անօգնական այդ հոգուն, մինչև որ կհասնեն երկնային կայանները։
Սուրբ վարդապետների կարծիքով և ըստ Գրիգոր Տաթևացու մեկնության, գոյություն ունեն երկու կայաններ. մեկը` երկնքից վեր, մյուսը՝ երկնքի ներքո։ Առաջինի մեջ ժողովված են նրանք, ովքեր թողեցին ամեն ինչ և գնացին Քրիստոսի հետևից, իսկ երկրորդի մեջ հավաքված են նրանք, ովքեր այդպես չեն վարվել ու մնացել են աշխարհի ցանկություններով ու կրքերով բռնված, ու նրանք սպասելու են, որ դատաստանի ժամանակ ողորմությամբ փրկվեն։ Այս երկուսը կոչվում են աջակողմյան խորան։ Իսկ ձախակողմյան խորանն այն է, որտեղ հավաքում են չարերի ու անզեղջ մեղավորների հոգիները, ովքեր դատաստանով պիտի դատապարտվեն։
Այդ պատճառով սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին ասում է. «Ինչպիսի՜ ահ ու դողի մեջ է գտնվում մարդու հոգին, մինչև վերջնական դատավճիռը չի կայանում։ Աստվածային զորության հրեշտակները կանգնում են պիղծ զորությունների դեմ ու ներկայացնում են այդ հոգուն պատկանող բարի խոհերը, խոսքերն ու գործերը, իսկ նա սարսափելով ու դողալով իր համար վիճաբանող հրեշտակների ու դևերի մեջ և գտնվելով, սպասում է կամ իր ազատությանը, կամ կործանման դատապարտությանը»։
Եվ երբ կամոքն Աստծո ննջեցյալը վերջին անգամ փակում է աչքերը, ապա ճշմարիտ քրիստոնյան թող Սուրբ Հոգու մխիթարությամբ ընդունի այդ Աստծո ձեռքից և ավելորդ ողբ ու կոծ չանի, ինչպես հեթանոսներն ու անհավատներն են անում, որոնք հավիտենական կյանքի հույս չունեն, որովհետև Ադամի մեղանչելուց հետո ամբողջ մարդկության վրա աստվածային այս հրամանը կա. «Հո՛ղ էիր, հո՛ղ էլ կդառնաս» (Ծննդոց, 3.19)։
(շարունակությունը` «Իրավունքը de facto»-ի երեքշաբթի օրվա` մարտի 10-ի համարում)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4183

Մեկնաբանություններ